Ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել Կարմիր Բլուրի հարակից տարածքում

Ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել «Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Սափորի մի բեկոր է՝ հորադիր գծանախշերով և փայլանախշերով: Ունենք նաև ուրարտական թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ: Հիմնականում մեր գտած նյութը թվագրվում է Ք.ա 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերի են»,- պատմել է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Արդեն մի քանի օր է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում պեղումներ են սկսվել: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորները մասնագետների աչքից չէին վրիպել, ու աշխատանքներն անմիջապես դադարեցվել էին: ԿԳՄՍ նախարարությունը հրատապ պեղումներ սկսելու թույլտվություն տվեց:

«Վերին հատվածում ունենք կառույցի հետքեր: Դա է հուշում քարերի շարվածքը: Եթե ուշադիր նայենք, տեսնում ենք 3 քար, որոնք շարված են մի ուղղությամբ: Սա կարող է լինել դամբարան, պատ կամ այլ կառույց: Մարդիկ, իհարկե, կնայեն ու չեն հասկանա, բայց դա հնագիտական առումով կարևոր է շատ»,- ասել է Միքայել Բադալյանը:

Ամեն օր խմբին միանում են նոր կամավորներ: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր այս մարդկանց համախմբել է սերը քաղաքի ու նրա պատմության հանդեպ: Հնագետների ցուցումով կամավորներն իրենց առաջին պեղումներն են անում:

Սանտիմետր առ սանտիմետր հողաշերտից բացվում են հնագույն պատմության նոր շերտերը:

«Շերտ առ շերտ ստուգում ենք հողի խտությունը, կարծրությունը: Երբ հողի գույնը փոխվում է, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն լինի»,- նշել է Միքայել Բադալյանը:

Նոր ճանապարհին հարող հատվածում պեղումները կշարունակվեն: Այս տարի պեղումներ կարվեն նաև հնավայրի գլխավոր մուտքից աջ ընկած հատվածում: Արարատյան թագավորության ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները:

«Երևում է պատի արտաքին հատվածը, որը մոտ 2 մետր լայնություն ունի և շարունակվում է: Այստեղ, ըստ երևույթին, ինչ-որ նոր թաղամաս կամ պարսպաշարեր կան: Եթե այստեղ բացվեն 1.5 մետրանոց պատեր, ապա հնարավոր է արտակարգ գտածոներ գտնենք»,-ընդգծել է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Նշվում է, որ տարածքում նկարահանող խմբի գտած սեպանախշերով խեցեղենի բեկորը կհամալրի թանգարանի հավաքածուն. քիչ հանդիպող բացառիկ նմուշ է: «Կարմիր բլուր» հնավայրն աշխարհին նոր ու հետաքրքիր դեռ շատ բացահայտումներ կարող է անել ու պատմել ավելին, քան այսօր գիտենք, նաև դառնալ հնագիտական զբոսաշրջության զարգացման կենտրոն:

(Visited 11 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика