Բայդենը բաց աչքերով է դարձել նախագահ ու գիտի, թե Թուրքիան ինչ է անում հայերի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

– Տիկին Վարդանյան, ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան հարյուր անդամներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել հստակ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության ապահովման համար։ ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին ուղղված նամակում ընդգծվում է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որը ծագել է անցած աշնանը Ադրբեջանի ու Թուրքիայի վեցշաբաթյա անգութ ագրեսիայի պատճառով, և առաջարկում են, որ ԱՄՆ-ը հրատապ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ ամուր տարածաշրջանային կարգավորման որոնումների վերսկսում՝ հիմնվելով ինքնորոշման ֆունդամենտալ իրավունքի վրա, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունը և կօգնի կանխելու նոր պատերազմի սանձազերծումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան Բայդենի վարչակազմից։

– Ես շատ դրական կարծիք ունեմ այս գործընթացի մասին։ Դուք գիտեք, որ Ամերիկայի հայկական համագումարը շատ ակտիվ հանդիպումներ է ունենում Կոնգրեսի հետ, Կոնգրեսի անդամների հետ, տարբեր նահանգների ներկայացուցիչների հետ, նաև՝ ամենաբարձր մակարդակով Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Դուք գիտեք, որ նախագահ Բայդենը նախքան նախագահ, նույնիսկ փոխնախագահ դառնալը սենատոր էր և քաջատեղյակ էր Հայաստանի, Արցախի խնդիրներից։ Վստահ ենք, որ նա այժմ որպես նախագահ կկարողանա աջակցել հայերին Արցախում ու Հայաստանում։ Պետք է բոլոր խնդիրներն արդար լուծում ստանան։ Սա առաջին քայլն է այդ գործընթացներն առաջ տանելու համար։

– Շատերի կարծիքով՝ Արցախի խնդիրը Բայդենի համար առաջնահերթություն չէ։ Կարծում եք՝ հնարավոր կլինի՞ դարձնել առաջնահերթություն։

– Ես այդպես չէի նշի։ Եթե աշխարհի մակարդակով նայենք, կան շատ խնդիրներ՝ բացի Հայաստանից ու Արցախից, բայց մեր հարցերն էլ են հրատապ։ ԱՄՆ-ում ևս շատ հարցեր կան, որոնք ժամանակ ու ուշադրություն են պահանջում։ Պետք է հաշվի առնենք այդ երկրի ներքին խնդիրները, արտաքին կապերն այլ երկրների հետ։ Կովկասը ևս այն խնդիրներից մեկն է, որը Բայդենի ադմինիստրացիայի ուշադրությունն է գրավում։ Վստահ եմ, որ շատ լավ տեղյակ են ամեն ինչից։

– Կարո՞ղ ենք ասել, որ ի տարբերություն Թրամփի՝ ավելի մեծ է ուշադրությունը։

– Այո, մեծ տարբերություն ու փոփոխություն կա։ Բայդենի համար Կովկասն ավելի կարևոր է, քան Թրամփի։

– Կա՞ վստահություն, որ Բայդենի վերաբերմունքը Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ դրական կլինի, թե՞ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շահերն առաջին պլան կմղվեն։

– Ես չեմ կարծում, որ նման խնդիր առաջանա։ Շատ բան իհարկե կախված է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Իմ կարծիքով՝ Բայդենը բաց աչքերով է դարձել նախագահ ու հասկանում է՝ Թուրքիան ինչ է իրենից ներկայացնում, ինչ է անում հայերի, լրագրողների, սեփական քաղաքացիների նկատմամբ։ Վստահ եմ, որ Բայդենն այդ ամենը հաշվի է առնելու։

(Visited 6 times, 3 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика