Ղազախական նավթամթերքի ներկրումը Հայաստան միայն դրական ազդեցություն կունենա շուկայի գների վրա․ թույլ կտա արդյոք Ռոսնեֆտը

Նախօրեին ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր ՀՀ և Ղազախստանի կառավարության Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 26-ին։ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ նավթամթերքը Ղազախստանից Հայաստան կառաքվի առանց մաքսատուրքի։ Այսինքն՝ ղազախական կողմը արտահանման մաքսատուրք չի գանձի Հայաստանից։

Փորձագետների գնահատմամբ՝ այս համաձայնագիրը թույլ կտա հասնել Հայաստանի նավթամթերքի շուկայի ապամենաշնորհացման, թեև Ղազախստանը այս շուկայում նոր է, ու դժվար կլինի ռուսական «Ռոսնեֆտ»-ի հետ մրցակցելը։

Նշենք, որ 2019թ.-ին Հայաստան ներկրվել է մոտ 175 հազար տոննա բենզին: Մինչդեռ 2018թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 138 հազար: Այսինքն՝ առկա է սպառման աճի ներուժ, ինչը նշանակում է, որ ղազախական ընկերությունը կարող է իր համար անհրաժեշտ սեգմենտ գտնել:

Տնտեսագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանի խոսքով՝ շատ լավ կլինի, որ համաձայնագիրը կյանքի կոչվի։ Այն միայն դրական արդյունքներ կարող է ապահովել: «Ավելի ցածր գներով սպառումն անշուշտ այս իրավիճակում՝ պատերազմից հետո ու համավարակի պայմաններում, սոցիալ-տնտեսական այս խնդիրների շրջանում նման քայլը բավականին օգուտներ կտա, եթե իհարկե այն իրականություն դառնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թադևոսյանը՝ նշելով, որ մեծ հարց է, թե այդ որոշմանը ինչպես կարձագանքեն ԵԱՏՄ անդամակցող երկրները, մասնավորապես ռուսական կողմը։

«Մեծ հարց է՝ ռուսական «Ռոսնեֆտը» թույլ կտա՞, որ Ղազախստանը նավթամթերք արտահանի Հայաստան, այն էլ՝ առանց մաքսատուրքի։ Այստեղ այնքան լուրջ քաղաքականություն կա, և այդ քաղաքականության մեջ այնքան պարտադրանքներ կան, որ հնարավոր չէ ոչ մի բան հստակ ասել։

Իսկ որ խոչընդոտներ կարող են լինել ամենատարբեր միջոցներով ու մեխանիզմներով՝ շատ հավանական է։ Անակնկալներ շատ կարող են լինել։ Բայց եթե մաքուր դաշտում դիտարկենք այս որոշումը, ապա հրաշալի բան կստացվի։ Եթե ձևավորվի ոչ մենաշնորհային դաշտ, մենք անշուշտ մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ կարող ենք ունենալ։ Գործընթացը միանշանակ պետք է դրական գնահատել՝ նկատի ունենալով առկա մեծ հարցականը»,- ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ ձեռքբերումներից մեկն էլ կարող է լինել մրցակցության հիման վրա գների նվազումը, նավթամթերքի շուկայի առողջացումը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Ղազախստանը նոր է նավթամթերքի արտահանման շուկայում և կոնկրետ հայաստանյան շուկայում կդիմանա՞ «Ռոսնեֆտ»-ի հետ մրցակցությանը, Թադևոսյանը պատասխանեց. «Հնարավոր է օլիգոպոլ դաշտում խմբային շահերն այնպիսին են, որ հաճախ զիջումներ արվում են, փոխհամաձայնություններ արվում են։ Նման շատ օլիգոպոլ մոդելներ կան, որ երկու ընկերությունն էլ շուկայում իշխող են, սակայն որոշակի զիջումներով։ Հետևաբար չի բացառվում, որ նույն ինտեգրացիոն խմբավորման շրջանակներում ընդհանուր շահերից ելնելով որոշակի փոխադարձ համաձայնությունների հիման վրա երկու ընկերությունն էլ Հայաստան նավթամթերք արտահանեն։ Օլիգոպոլ խմբային մրցակցության մեջ սա ընդունված մոդել է, և հնարավոր է, որ երկու ընկերությունն էլ գան փոխադարձ համաձայնության և շուկայում իրենց ազդեցությունը պայմանավորեն այդ փոխադարձ համաձայնության շրջանակներում։ Այսինքն՝ ինչպես էլ նայես խնդրին, քաղաքական բաղադրիչ կա, ու այն բավականին մեծ է։ Սովորաբար զարգացումների մեջ միշտ տնտեսությունն է համապատասխան քաղաքականություն թելադրում, և դրանով երկիրը առաջ է գնում կամ հետադիմում է, բայց, ցավոք, հիմա մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ մեր հայաստանայն տնտեսության վրա շատ ավելի քաղաքական որոշումներն են անդրադառնում՝ դրանով իսկ կանխորոշելով տնտեսության հետագա զարգացումները»։

Նշենք, որ բենզինի և դիզվառելիքի ներքին շուկայում 2013թ.-ից ի վեր մենաշնորհային դիրք է զբաղեցնում ռուսական «Ռոսնեֆտը»: Շուկայի մյուս հիմնական խաղացողները՝ «ՍիՓիԷս Օյլ Քորփորեշնը», «Ֆլեշը», «Մաքս Պետրոլը» Սադախլոյից գնում են «Ռոսնեֆտ»-ի նավթամթերքն ու տեղափոխում Հայաստան: Կարծիքներ կան, որ նոր խաղացողի հայտնվելուն պես «Ռոսնեֆտը» կփորձի պահպանել իր դիրքերը հայաստանյան շուկայում նախևառաջ գնային քաղաքականության շնորհիվ:

Ճիշտ է, դեռևս հայտնի չէ, թե ինչ գնով է ղազախական ընկերությունը Հայաստանին նավթամթերք առաջարկելու, սակայն Ղազախստանի ներքին շուկայում գործող գները գրեթե երկու անգամ ցածր են Ռուսաստանում գործող գներից։

(Visited 12 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика