Հերթեր ավտոգազալցակայաններում․ լիցքավորվող մեքենաների թիվն ավելացել է 4-6 անգամ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը արդեն տեղեկացրել է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ իր հերթին հայտնել է, որ Ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը: Ավտոգազալցակայանների ժամանակավոր դադարեցումը գազալցակայաններում մեծ հերթեր է առաջացրել: ՀԺ-ի Լոռու թղթակիցն այցելել է Վանաձորի մի շարք գազալցակայաններ, որտեղ մեծաքանակ հերթեր են գոյացել: Գազալցակայաններից ՀԺ-ի թղթակցին հայտնել են, որ գազի դադարեցումը նախատեսված է այսօր 22:00-ից. «Մեզ հեռախոսով տեղեկացրեցին, որ վթարավերականգնողական աշխատանքները հնարավոր է տեւեն մինչեւ 18-36 ժամ, կոնկրետ ժամանակահատված չեն ասել»,-նշեց գազալցակայաններից մեկի աշխատակիցը:

Վանաձորում գործող «Արփի գազ» գազալցակայանում 8 լցակայան է գործում: Ամեն շարքում մի քանի տասնյակ մեքենաներ էին հերթի մեջ սպասում:

Մեքենաները լիցքավորել շտապող վարորդների գերակշիռ մասը ուղեւորափոխադրումներ իրականացնող մեքենաների վարորդներն են: Նրանք հույս ունեն, որ գազալցակայանները հնարավորինս շուտ կաշխատեն, հակառակ դեպքում՝ իրենք չեն կարողանա 1 լիցքավորմամբ երկար աշխատել, իսկ բենզինով էլ՝ վնասով կաշխատեն:

Քիչ չէին նաեւ այն վարորդները, ովքեր ուշ էին իմացել սպասվող գազանջատումների մասին, եկել էին լցակայան, սակայն տեսնելով մի քանի հարյուր մետր ձգվող հերթը՝ հեռանում էին, հասկանալով, որ մինչեւ 22:00-ն չեն հասցնելու լիցքավորել մեքենաները:

Ժամը 22:00-ին բոլոր ավտոգազալցակայանների գործունեությունը դադարեցվելու է:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ազգաբնակչությանը տեղեկացրել է, որ վաղը Վանաձորում էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումներ բնակչության համար նախատեսված չեն: Քաղաքապետը հիշեցրել է՝ 36 ժամով կդադարեցվեն միայն ավտոգազալցակայանների աշխատանքները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:

Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, ղեկավարվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 5.5.-րդ կետի «ա» ենթակետով, 5.5.1. կետով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է մյուս բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը և հայցում ներողամտություն ստեղծված իրավիճակի համար:

(Visited 20 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика