Ամերիկան վերադառնում է, հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը: Նա ներկայացրել է իր թիմի նոր անդամներին՝ նոր պետքարտուղար Բլինկենին, Ազգային անվտանգության հարցերի նոր խորհրդական Սալիվանին, ՄԱԿ-ում ԱՄՆ նոր ներկայացուցչին, Ջոն Քերիին, որը լինելով ԱՄՆ նախկին պետքարտուղար, այժմ կլինի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան կլիմայի հարցերով:
Բայդենի թիմն արդեն սկսել է ծանոթանալ պետական գործերին: Թրամփը նախօրեին հայտարարեց, որ հանձնարարել է պատկան կառույցներին սկսել իշխանության փոխանցման գործընթացը: Թրամփը շարունակում է չընդունել ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը, բայց հայտնել է, որ հանուն պետության կայունության իրականացնում է իշխանության փոխանցումը:
Բայդենը հայտարարել է, թե միջազգային տարբեր լիդերների հետ այս օրերին ունեցած հեռախոսազրույցներում ապշել է, թե ինչպիսի անհամբերությամբ են նրանք սպասում գլոբալ առաջնորդի դերին ԱՄՆ վերադարձին:
Ասել, թե Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն հեռացել էր այդ դերից, սխալ կլինի: Ավելին, Թրամփի այսպես ասած «մեկուսացման» քաղաքականությունն այդ դերակատարման ինչ որ փուլ էր, որում միջազգային դերակատարները, միջազգային անվտանգության շահառուները շատ օրինակներով զգացին, թե որքան խնդիրներ են առաջանում, երբ ԱՄՆ-ն հետ է քաշվում գլոբալ առաջնորդի իր դերից:
Այդ իմաստով, կամա, թե ակամա, Թրամփը նախապատրաստել է Բայդենի միջոցով ԱՄՆ վերադարձի «տրիումֆը»: Իհարկե, նայած, թե ում համար է այդ վերադարձը սպասված: Որովհետեւ Թրամփի նախագահության շրջանում առաջացած գլոբալ առաջնորդության վակուումը մի շարք խաղացողների էլ խնդիրների փոխարեն բերեց հնարավորություններ: Օրինակ Էրդողանը, որը կարողացավ մինչեւ վերջին պահն օգտագործել վակուումը եւ մտնել Կովկաս, պարտադրելով ռեգիոնալ նոր համաձայնութուն եւ Կովկասի թուրք-ռուսական նոր բաժանում:
ԱՄՆ գլոբալ առաջնորդության բարդույթի տակ գտնվող Մոսկվան հերթական անգամ գնաց Անկարային ընդառաջ, չունենալով դիմադրունակության բավարար պաշար: Ռեգիոնը գործնականում հայտնվեց թուրք-ադրբեջանական դարպասի փակի տակ, որտեղ դռնապանի կարգավիճակ ստացավ Մոսկվան:
Ամերիկայի վերադարձը, որ ազդարարում է Բայդենը, ներառելու՞ է Կովկասը եւ քանդելու՞ է Կովկասի թուրք-ադրբեջանական դարպասը:
Կովկասի թուրքականացումը կանխել կարող է միայն ԱՄՆ-ն, եթե հետաքրքրվի այդ խնդրով: Ընդ որում, դա խնդիր է նաեւ հայկական դիվանագիտության համար՝ առաջացնել այդ հետաքրքրությունը Վաշինգտոնում: Թեեւ այդ հետաքրքրությունը առաջացնելու համար նախ պետք է նոյեմբերի 9-ից հետո առողջացնել հայկական դիվանագիտությունը: