Այժմ առավել ևս չպետք է անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարը․ վարակակիրներ կան, որ պետք է վերակենդանացման բաժանմունքում գտնվեին, բայց տնային բուժում են ստանում․ բժիշկ

Այժմ առավել ևս չպետք է անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարը. վարակակիրներ կան, որ պետք է վերակենդանացման բաժանմունքում գտնվեին, բայց տնային բուժում են ստանում. բժիշկ

Պետք է բարձր գիտակցություն ունենալ և հասկանալ, որ մենք երկու ճակատում ենք կռվում: Այժմ առավել ևս չպետք է անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի՝ մեկ օրում հաստատված ռեկորդային՝ 1836 նոր դեպքին:

«Մինչև հիմա բազմաթիվ մարդիկ կան, որոնք կորոնավիրուսի գոյությանը չեն հավատում կամ պնդում են, թե թվերն ուռճացված են, մինչդեռ մարդիկ մահանում են դրանից: Այս հարցում կանոնակարգված չենք. հայրենասեր ենք, հյուրընկալ, բայց առնվազն կորոնավիրուսի դեմ պայքարում պատասխանատվության զգացում բացարձակապես չկա»,-ասաց նա:

Վերջինս խնդրահարույց համարեց նաև հանգամանքը, որ այժմ կարող են գլուխ բարձրացնել սուր շնչառական սեզոնային վարակները, ինչն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:

«Չմոռանանք նաև, որ մինչ պատերազմի սկիզբը արդեն իսկ բացվել էին ուսումնական հաստատությունները: Ուսուցիչների թեստավորում կատարվեց, նրանց մի մասը, առանց թեստի պատասխանն իմանալու, դպրոց մտավ, տարեց ուսուցիչների մի մասը շարունակում էր աշխատել, իսկ աշակերտների թեստավորում չկատարվեց: Սրանք բոլորը խնդիրներ են»,-ասաց նա՝ ընդգծելով նաև հանրային տրանսպորտում տիրող իրավիճակը, երբ կուտակումներ են, իսկ ուղևորներից շատերը՝ առանց դիմակի:

Մանուկյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ կորոնավիրուսի այսքան գրանցված դեպքերից զատ, կան այնպիսիք, որոնք թեստավորմամբ չեն հաստատվել: «Օրինակ՝ ընտանիքից միայն մեկն է թեստավորվել, վարակը հաստատվել է, մյուսները չեն ստուգվել, բայց կարող են վարակակիր լինել: Կամ այնպիսիք, որ ունեն տիպիկ կորոնավիրուսային թոքաբորբ, սակայն բուն թեստավորում չի եղել կամ բացասական է եղել պատասխանը: Կան դեպքեր, երբ թեստավորումը եղել է, պատասխանը՝ բացասական, սակայն սխալվելու հավանականությունն է պետք հաշվի առնել, հետևաբար՝ դեպքերն ավելի շատ են»,-ասաց նա:

Ըստ բժիշկ-թերապևտի՝ լուծման հնարավոր տարբերակ է ինչ-որ տարածքներ վերածել բժշկական կենտրոնների: «Այն հիվանդանոցներից շատերը, որոնք սպասարկում էին կորոնավիրուսով հիվանդներին, այժմ կատարում են վիրավորված զինծառայողների, քաղաքացիների բուժում: Ինքս տնային պայմաններում բուժում եմ վարակակիրների, որոնք ոչ թե հիվանդանոցային, այլ արդեն վերակենդանացման բաժանմունքում բուժվելու կարիք ունեն: Այս ամենի հետևանքով ունենալու ենք մահացության բաձր աստիճան, այն էլ՝ տնային մահացության, երբ մարդն անգամ օգնություն ստանալ չի կարողացել»,-ասաց Լամարա Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի, ընդհանուր մահացածների թիվը 1121 է, կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 321 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49219: Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 357 104 թեստ:

(Visited 132 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика