ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման- խմբ.), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը:

Դիվանագետը նշել է նաև, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և խորհուրդը միակարծիք է եղել մոտեցումներում: Միաժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։ «Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբենզյան։

Դիվանագետը չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է ղեկավարում կարգավորման գործընթացը։ «Ով կլինի, ինչ դերակատարությամբ՝ դեռ մնում է հարց, որը քննարկվում է»,- ավելացրել է նա։

(Visited 125 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика