Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր․ ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը մարտի դաշտից նկարագրել է հայկական ուժերի հզոր հակահարվածը

Ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը, որն առաջիններից էր, որ մեկնեց Արցախ՝ լուսաբանելու սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական հարձակումը, իր Telegram-ալիքում ներկայացրել է, թե ինչպես են հայկական ուժերը հզոր հակահարված տալիս հարվային ուղղությամբ:

«Իմ տվյալներով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարձակում է իրականացրել՝ ադրբեջանցիներին հետ մղելով նախկինում գրաված դիրքերից, այդ թվում՝ Խուդաֆերինի ջրամբարի շրջանում: Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր»,- նկարագրել է լրագրողը:

«Ալիևի և նրա հովանավոր Էրդողանի ծրագրերը հերթական անգամ ի չիք եղան՝ բախվելով հայկական բանակի կամքին: Առաջխաղացումը հարավային ուղղությամբ՝ Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրի նեղ հատվածով, ադրբեջանական բանակի համար մեծ բարդություններ է ստեղծում»,- հավելել է Կոցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

(Visited 1 046 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика