Հայրենի հողի համար ընտանիքով են կռվում՝ հայրը, դուստրն ու որդին

Զինվորական ընտանիքում ծնված ու հայրենասիրական ոգով մեծացած Անի Թևոսյանը ՀՀ ՊՆ ԶՈՒ-ում ծառայում է 2015 թվականից: Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանում հնգամսյա դասերից հետո ծառայությունը շարունակել է որպես կառավարման դասակի հրամանատար:

Լեյտենանտ Անի Թևոսյանի հայրը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, իսկ այսօր դուստրը կռիվ է տալիս նույն հողի համար:

Սեպտեմբերի 27-ին Լեյտենանտն Արցախում էր. արձակուրդում էր գտնվում, բայց լսելով ձայներ, տեղեկանալով իրավիճակի մասին՝ վերադարձել էր Հայաստան ու միանալով իր դիվիզիոնին՝ գնացել առաջնագիծ:

Առաջնագծում անցկացրած օրերից Անին շատ բան չէր ուզում խոսել, միայն հիշում էր.

«Առաջին օրն իմ զինվորների հետ մենակ էի: Ճիշտ է, իրենցով ես ուժեղ եմ ինձ զգում, բայց նաև իրենց համար էի վախենում, աղոթում էի՝ հանկարծ ոչ մեկին բան չլինի, մտածում էի՝ չեմ կարողանա իրենց ծնողների աչքերին նայել, ինչքան էլ գիտակցում էի, որ պատերազմ է…,»- պատմում է լեյտենանտը, ով խրամատ փորելիս էլ էր իր տղաներին օգնում:

«Մարտական ընկերներ ենք. կյանքում ո՛չ ես իրենց կմոռանամ, ո՛չ իրենք՝ ինձ»:

30-ամյա լեյտենանտը 6-ամյա որդուն՝ Արենին, թողել է ծնողների մոտ և խնդրել իրեն չզանգել՝ վտանգավոր է, ինքը կզանգի: Դրանից հետո, երբ արդեն մայրը մի քանի օրով վերադարձել էր, մեկ է՝ տղայից զանգեր չէր ստանում, իսկ հարցին, թե ինչու չի զանգում մամային՝ պատասխանում է. «Որ վտանգավոր չլինի իր զանգը»:

Արենը Արցախից եկած իրենց տան հյուրերին պատմել է, որ իր վզի խաչն է մամային շուտ տուն բերել. «Ես ամեն օր աղոթում էի, որ մաման շուտ գա»,- ասել է տղան:

Իսկ մոր հետ զրույցում Արենն անկեղծացել է. «Ես գիտեի՝ դու ուր էիր գնացել, ինչ վտանգավոր տեղ։ Չէի ասում, որ չնեղվես, ես տղա եմ, բայց ես վախենում էի քո համար»:

Լեյտենանտ Թևոսյանի եղբայրն ու հայրը ևս առաջնագծում են եղել, բայց իրարից առանձին. «Հայրս եկել է, բայց եղբայրս մինչև հիմա Արցախում է: Մենք զինվորական դաստիարակություն ենք ստացել, մեր ուղեղում մենակ հայրենիքն է ու վերջ»:

Եղբայրն Արցախում հացի փուռ ունի, գիշերները հաց է թխում, զորքերին ու մնացած ժողովրդին է բաժանում, պատմում է Անին։

Իսկ վտանգից խոսելիս ասում է՝ «շատ վտանգավոր է, բայց ինչ արած՝ մեր ազգի համար ենք անում, մեր հայրենիքի»:

Երեք սենյականոց բնակարանում հիմա ապրում են 22 հոգի. Արցախից հյուրեր ունեն, ովքեր հիմա ապրում են իր որդու և ծնողների հետ: Իսկ թե ինչպես եղավ հյուրընկալման առաջարկը Անին պատմում է.

«Հրավեր կամ առաջարկ չեղավ, չհասցրեցինք: Ես արդեն շարասյունով գնում էի Արցախ, երբ իմացա, որ մարդիկ են գալիս ու մնալու տեղ չունեն: Չէի կարող շարասյանը կանգնեցնել, ստիպված բանալիները մի կերպ մեքենայից շպրտեցի էդ մարդկանց: Տանը տասը փոքրիկ կա, մնացածը մեծ են՝ մինչև 80 տարեկան»,- ժպիտով ասում է լեյտենանտը:

Թե ինչպես կանցնի ու որտեղ ծառայությունը կանցկացնի մոտակա օրերին՝ Անին ևս չգիտի, բայց այն, որ ապագայում պատրաստվում է ծառայությունն անցկացնել Արցախում, դրանում կասկած անգամ չունի:

«Մենք պետք է հաղթենք, բոլորս համախմբված միայն պետք է դրա մասին մտածենք ու ճիշտ գործենք: Հաստատ հաղթելու ենք»:

(Visited 1 410 times, 4 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика