Եթե այս անգամ ևս հակառակորդը հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, երրորդ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները շատ ավելի կոշտ և այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը

Ադրբեջանը խախտում է հերթական հրադադարը՝ շարունակելով իր նենգ, հայատյաց քաղաքականությունը։ Թշնամին փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախ ՊԲ պաշտպանական համակարգը, բոլոր նման քայլերը կասեցվում են, հետ են մղվում։ Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Սակայն հակառակորդը, իմ կարծիքով, շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողությունները։ Հիմնական թիրախներից մեկը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է հարևան Իրանի կարիքները։ Թուրքիան, Ադրբեջանը և ահաբեկիչները փորձում են այդ ռազմավարական կարևորագույն հանգույցը կա՛մ շարքից հանել, կա՛մ վերցնել իրենց տիրապետության տակ, որպեսզի հետագայում նաև ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ, քանի որ այնտեղ կան լուրջ էկոլոգիական խնդիրներ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Սակայն, թշնամին հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։ Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո էլ ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման:

«Արցախը պինդ է, կանգուն է՝ անկախ ամեն ինչից։ Իսկապես ճակատագրական պահ է, կանգնելու ենք մինչև վերջ, թող որևէ մեկը կասկած չունենա։ Եվ պաշտպանելու ենք, փրկելու ենք մեր հայրենիքը և մեր ժողովրդին»,- ասաց ԱՀ նախագահի խորհրդականը։

Երկրորդ մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունն առաջին հերթին դիերի և գերիների փոխանակման համար էր։ Դավիթ Բաբայանի խոսքով՝ որոշ հատվածներում ստեղծվել է ծայրահեղ համաճարակային իրավիճակ․ «Որովհետև այնքան թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի դիակներ կան, որ, բնական է, այլ գործընթացներ են սկսվում, և սանիտարական լուրջ խնդիր կա»։

Արցախի նախագահի խորհրդականը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը, պատերազմի դադարեցմանը։

«Կարծում եմ, որ եթե այս անգամ ևս հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը և կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա 3-րդ անգամ շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։ Երրորդ անգամ չեմ կարծում, որ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,- ասաց նա։

Բաբայանը նաև նշեց, որ զինադադարը անժամկետ է՝ չնայած Ադրբեջանի որոշ պաշտոնյաների հայտարարություններին, որ այն միայն դիերի և գերիների փոխանակման համար է։

(Visited 58 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика