Վայքի հիմնական դպրոցի դռներն այսօր չեն բացվել․ տնօրենը կորոնավիրուսով հիվանդ է, ուսմասվարը մահացել է, ուսուցիչներն էլ մեկուսացված են

Վայքի հիմնական դպրոցի դռներն այսօր չեն բացվել առաջին դասարանցիների առաջ։ Վաղը՝ սեպտեմբերի 15-ին, դպրոցի դռները կբացվեն, թե ոչ, կախված է նախարարության որոշումից։ Դպրոցի տնօրենը վարակված է կորոնավիրուսով, գտնվում է երևանյան հիվանդանոցներից մեկում, դպրոցի ուսմասվարը՝ Արամ Արամյանը, նախօրեին մահացել է կորոնավիրուսից, բայց ունեցել է նաև խրոնիկ, ուղեկցող հիվանդություններ, և սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։ Դպրոցի ուսուցիչներն էլ, որպես կոնտակտավոր՝ մեկուսացված են։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վայքի հիմնական դպրոցի տնօրենը Հովիկ Մնացականյանը։

Նա ասաց, որ բոլոր ուսուցիչները արդեն թեստեր են հանձնել, սպասում եմ պատասխաններին։ «Կոնտակտավորների թիվն է ուղղակի մեծ։ Ուսուցիչների մեջ հիվանդների թիվը մեծ չէ, ուղղակի մարդիկ ինքնամեկուսացել են պարետատան ցուցումով»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ չգիտի, թե որն է եղել վարակի օջախը, անգամ չի պատկերացնում, թե ինքը ոնց, որտեղ և ումից է վարակվել։ «Դա ոչ մեկս չի կարող ասել, յուրաքանչյուրս տարբեր մարդկանց հետ ենք շփվել։ Դժվար է ասել, թե կոնկրետ ով է վարակը բերել, կամ ումից է փոխանցվել»,- ասաց տնօրենը։

Մնացականյանն ասաց, որ արդեն դիմել են մարզպետարան, մարզպետն էլ դիմել է նախարարին, որ իրավիճակով պայմանավորված՝ առայժմ դպրոցը չբացեն, բայց դեռ սպասում են նախարարության որոշմանը, որը պետք է այսօրվա մեջ լինի։

«Դիմել ենք ուրբաթ օրը և սպասում ենք, որ այսօր պետք է պատասխանը լինի, որ հասկանանք՝ վաղն ինչ ենք անում»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ եթե անգամ նախարարությունը որոշի, որ դպրոցը պետք է բացվի, իրենք պատրաստ են դրան ու փոխարինողներով կկարողանան դասապրոցես կազմակերպել, մինչև ուսուցչական կազմը դուրս կգա մեկուսացումից։ «Դպրոցը, մենք ամբողջապես պատրաստ ենք դասապրոցեսի վերսկսմանը։ Բոլոր կանոններին համապատասխան կահավորված է դպրոցը, պատրաստ ենք դպրոցի բացմանը։ Մենք փոխարինողներով էլ կկարողանանք դասերը սկսել, բայց որոշում կայացնողը նախարարությունն է»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ ինքը, որպես տնօրեն, վտանգավոր չի համարում ստեղծված իրավիճակում դպրոցի վերաբացումը։

Մեր զրուցակիցն ասաց, որ վերջին 10 օրվա մեջ Վայք քաղաքում կորոնավիրուսի բռնկում է եղել։ «Վայք քաղաքը միշտ փակ է եղել, դեպքերը շատ չեն եղել, բայց վերջին մի քանի օրը վարակի ահագին դեպքեր կան, բայց, թե որտեղից են գալիս այդ դեպքերը, չգիտեմ։ Բռնկում եղավ, բոլորը հիմա գնում են թեստ են հանձնում իրենց ապահովության համար։ Հուսանք՝ հնարավորինս շուտ իրավիճակը կկայունանա, ու մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»,- եզրափակեց Վայքի հինական դպրոցի տնօրենը։

(Visited 34 times, 17 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика