Խաղաղություն պարգևող աղոթք առ Աստված

Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և աղոթել:Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի ստացվում:

Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ և լինել Աստծո ներկայության մեջ` հաղորդակցվելով Երկնավոր Հոր հետ:

Դա արդեն աղոթք է` հաղորդակցություն առ Աստված` շրջանցելով մտքերդ և խնդիրներդ ու թափանցել անտեղ, որտեղ Աստծո ներկայությունն է, հոգու խորքում գտնվող աղոթքի տարածությունը, այսինքն` այն վայրում, որտեղ դադարում ես մտածել, թե ինչ հասակ ունես, արդյոք գեղեցիկ ես, ամուսնացած ես, գումար ունես, թե չունես և այլն: Թափանցում ես այնտեղ, որտեղ մտքերն այլևս պատնեշ չեն ստեղծում քո և Աստծո միջև, որովհետև մուտք ես գործում հոգուդ խորքը:

Եթե մենք կարողանանք աղոթել այդպես, այդժամ մեզ որևէ խնդիր չի անհանգստացնի և տագնապ, տառապանք պատճառի: Նույնիսկ ամենածանր հիվանդություն ունեցող անձը կկարողանա հոգու խաղաղություն, ինչպես նաև բժշկություն և առողջություն ունենալ, եթե Տերն այլ ծրագիր չունի տվյալ մարդու հավիտենական փրկագործության համար հիվանդության միջոցով իրագործելու:

Այդպիսի աղոթքի ժամանակ մարդը զբաղված չի լինում մտքերով ու մտահոգությամբ, թե հիվանդ է, թե գումար չունի, թե խնդիրներ կան, այլ զգում է Աստծո ներկայությունը` Ով կյանք է, լույս, առողջություն, սեր, զորություն: Սակայն մենք այլ կերպ ենք աղոթում: Աղոթում ենք, բայց աղոթքից հետո մեր անհանգստությունը չի վերանում: Աղոթում ենք, բայց մեծ մասամբ շարունակում ենք մտահոգ, անտրամադիր, վհատ ու նյարդային մնալ: Վիճում ենք, բողոքում, և այս բոլորը՝ աղոթքից հետո:

Ինչպե՞ս հասկանալ: Ինչ-որ տեղ տարօրինակ է. մտնել եկեղեցի, աղոթել, որպեսզի խաղաղություն ունենալ, բայց հետո շարունակում ենք լարված վիճակում մնալ:Անշուշտ, այս ամենում կարող ենք մեղադրել չար ոգիներին, որոնք մտքերի հարձակում են տեղում մարդու վրա` շեղելու և անարդյունավետ դարձնելու համար աղոթքը, և դա իրականություն է, սակայն նախքան որևէ մեկին մեղադրելը, պիտի նայենք մեր հուգուց ներս և տեսնենք, թե ինչու է այդպես:Եթե մենք առիթ չտանք,որևէ մեկը չի կարող խաթարել մեր հոգու անդորրը:

Երբեմն մարդ մտածում է, թե Տերը չի լսում իր աղոթքները: Սակայն իրականում լսում է և եթե հարկ է՝ իրականացնում է խնդրանքը այլ կերպով, որը մենք չենք նկատում: Երբ անհատը աղոթքից հետո շարունակում է մնալ անհանգստության և մտահոգությունների մեջ, նշանակում է նրա հոգին չի հաղորդակցվել Աստծո հետ, նրա աղոթքը չի ստացվել, որովհետև մնացել է արտաքին երևույթների հարթության մեջ` իր մտքերի, մտածումների,հոգսերի մեջ, և դա հոգնեցնում է մարդուն,ու նա նույնիսկ չի ցանկանում աղոթել, թեպետ գիտի, թե ինչ կարևոր արժեք է քրիստոնյայի համար աղոթական կյանքը:

Բայց պետք է հասկանանք, որ մենք մեր մտքերը չենք. հոգեբանորեն ակամայից մեզ չպետք է նույնացնենք մեր մտքերի հետ: Աղոթքը կամենում է վերջ դնել այդ ամենին, իսկ երևակայությունը ստիպում է տառապել: Աղոթքը երևակայություն չէ, այլ մեր սրտում բնակվող Աստծո հետ հաղորդակցություն, քանի որ Տիրոջով ապրում ենք, շարժվում ենք և կանք (Գործ. 17.28):

Եվ որտեղ էլ լինենք, կարող ենք զգալ Աստծո ներկայությունը: Երբ մարդ Աստծո հետ հաղորդակցության մեջ լինի,նա ամենքի հանդեպ սեր կզգա: Երբ մարդ աղոթում է՝ մարմնավորը նվազում է, հոգեղենը՝ բազմապատկվում: Երբեմն աղոթքին մոտենալու միջոցներից մեկը ինչ-որ մեկի համար աղոթելն է: Եվ աղոթքի ապացույցն այն է, որ աղոթքի ժամանակ և հետո խաղաղությամբ ես զգեստավորվել: Եթե խաղաղ ես աղոթքից հետո, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ես:Բայց փոխանակ հանդարտվենք, խաղաղություն ունենանք, փորձում ենք մեր անհանգստությունը փոխանցել Աստծուն: Երբ ծովի վրա փոթորիկ բարձրացավ, նավակի մեջ Հիսուս քնած էր, իսկ առաքյալները տագնապած էին:

Այդ փոթորկի ժամանակ Հիսուս քնած էր, որովհետև իրեն ամբողջովին Երկնավոր Հորն էր հանձնել: Իսկ աշակերտները փոխանակ վստահեին Աստծուն, արթնացրեցին Հիսուսին և փորձեցին նրան նույնպես փոխանցել իրենց տագնապն ու վախը: Սակայն Հիսուս չընդունեց այդ ամենը, այլ իր հանդարտությամբ խաղաղեցրեց ծովը ( Մատթ. 8.23-27 ): Հավատքը կատարյալ վստահություն է առ Աստված, ինչպիսի խնդիրներ էլ լինեն: Այդ վստահությունը բերում է ներքին հանդարտություն և զորություն: Հակառակ դեպքում մեր աղոթքի արդյունքից ոչինչ չենք հասկանում և ինքներս մեզ հոգեպես ու ֆիզիկապես վնաս ենք հասցնում:

Այդ ապրումները ցույց են տալիս, որ չենք հաղորդակցվել Աստծո հետ, այլ մնացել ենք մեր խնդիրների շրջապտույտի մեջ: Այնպես որ իրական աղոթքի ապացույցը հոգու հանդարտությունն է:Մեծագույն հավատքի մեկ այլ դրսևորում կարող ենք տեսնել, երբ Հիսուս բժշկեց տասը բորոտներին:Նախքան բժշկելն ասաց՝ գնացեք ձեզ ցույց տվեք քահանաներին:Եվ նրանք գնացին առանց հարցադրում անելու, թե ինչու մեզ չես բժշկում, այնուհետև ուղարկում (Ղուկ. 17.14):

Եվ նրանք հավատացին, գնացին ու բժշկվեցին ճանապարհին Բայց մենք, երբ մեր խնդիրը ներկայացնում ենք, ուզում ենք, որ այն իրականանա,որպեսզի ասենք՝ այո՛,հավատում ենք և դրանից հետո մեր գոհաբանությունը հայտնենք:Իսկ ի՞նչ արեցին այս բորոտները: Նրանք հավատացին և գնացին, թեև տրամաբանորեն պիտի ասեին, թե մեզ բժշկիր, որ գնանք և ցույց տանք քահանաներին, որ բժշկվել ենք: Սակայն նրանք վստահեցին Հիսուսի խոսքին և բժշկվեցին: Իսկ մենք, երբ որևէ բան ենք խնդրում, հավատո՞ւմ ենք, որ Տերը կիրագործի, վստահո՞ւմ ենք, թողնո՞ւմ ենք Իր կամքին: Ահա, թե ինչ մեծ խորհուրդ է հավատքը՝ վստահել, անվերապահորեն Աստծուն հավատալ, անպես, ինչպես խաչված ավազակը մեծ հավատք ցուցաբերեց` իր կողքին տեսնելով խաչյալ Քրիստոսին:

Աղբյուր

(Visited 119 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика