Մանկավարժական համալսարանից առարկություններ են ներկայացրել ԿԳՄՍՆ չափորոշիչների վերաբերյալ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն արտահերթ նիստ է անցկացրել և անդրադարձել ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված հանրակրթական «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի և «Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշիչների և ծրագրերի նախագծերը:

Մասնավորապես իրենց տեսակետներն են արտահայտել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Հ. Գրիգորյանը, Ա. Մարտիրոսյանը, Ն. Մինասյանը, Մ. Մարտիրոսյանը, Գ. Մարգարյանը և պատմական գիտությունների դոկտոր Ե. Գրեկյանը:

Նրանք 7 կետից բաղկացած առարկություններով են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«1.Ներկայացված նախագծերն ընդունելի չեն հայեցակարգային առումով, քանի որ խախտված է ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Նման մոտեցումը խնդիրներ կառաջացնի ուսումնառության ընթացքում՝ խոչընդոտելով աշակերտների մոտ աշխարհայացքի ձևավորմանը:

 2․Հասկանալի չէ ժամանակագրական սահմանաբաժանման սկզբունքը, երբ հստակ նշված չեն պատմական ժամանակաշրջանների սահմանները: Այս ամենն էլ կդժվարացնի աշակերտներիկողմից նյութի ընկալումը:

 3․Հանրակրթական ծրագրերի նախագծերում հեղինակները բաց են թողել այնպիսի կարևոր գաղափարախոսություն, ինչպիսին է պահպանողականությունը, սակայն նշվում է գենդերի մասին, որպես քաղաքական գաղափարախոսության, որի ընդգրկումը հանրակրթական ծրագրերի նախագծերում խիստ վիճահարույց է:

 4.Ներկայացված ծրագրերի նախագծերում առկա են նաև որոշ սխալներ և անճշտություններ, մասնավորապես Պորտասարը ոչ թե գյուղատնտեսական, այլ մինչերկրագործական դարաշրջանի հուշարձան է կամ իրանա-հայկական քաղաքակրթություն գոյություն չունի:Միաժամանակ առաջադրված են հարցադրումներ, որոնց պատասխանը ժամանակակից գիտությունը չունի:

 5․Մի շարք կարևոր թեմաներ և խնդիրներ ուղղակի ընդգրկված չեն թե՛ հիմնական դպրոցի, թե՛ ավագ դպրոցի ծրագրերի նախագծերում, որոնց բացակայությունն ակնհայտորեն խանգարելու է համաշխարհային պատմության վերաբերյալ համակողմանի պատկերացում կազմելուն: Օրինակ, տեղ չի հատկացվել իսլամին, միջնադարյան Օսմանյան կայսրության պատմությանը, էթնոքաղաքական հակամարտություններին և այլն:

 6․Ըստ էության գերագնահատված են աշակերտների կարողություններն ու ունակությունները, քանզի ծրագրերի նախագծերում ներկայացված մի շարք «վերջնարդյունքներ» մեթոդաբանական առումով դժվար ըմբռնելի են աշակերտների համար: Օրինակ, 12-րդ դասարանում սովորողի համար ներկայացված վերջնարդյունքներից է. «Գիտակցի աշխարհաքաղաքական իրադրությունը, համեմատի համաշխարհային պատմական գործընթացների բնույթը և հետևանքները, համապատասխան փաստահենք եզրահանգումներ անի և այլընտրանքներ առաջարկի համաշխարհային պատմական զարգացումների, երևույթների և հետևանքների վերաբերյալ», ինչը բուհի բարձր կուրսերի ուսանողներն անգամ կդժվարանան կատարել:

 7․Ներկայացված ծրագրերի նախագծերի հեղինակները հաշվի չեն առել գործող դպրոցների պայմանները և տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև ուսուցիչների պատրաստվածության աստիճանը:

Ի վերջո, արտահերթ նիստում որոշել են, որ մասնակիցները համակարծիք էին, որ ներկայացված չափորոշիչների և ծրագրերի նախագծերը խոցելի են մեթոդաբանական առումով և ունեն վերանայման ու վերաշարադրման կարիք: Ելույթ ունեցողները նշեցին նաև, որ ամբիոնը պատրաստ է մասնագիտական քննարկման շրջանակներում նախագծի հեղինակներին և շահագրգիռ կողմերին առավել մանրամասն ներկայացնելու և մատնանշելու նախագծի թերացումների և բացթողումների վերաբերյալ դիտարկումները:

(Visited 4 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика