Հայաստանում կորել է կորոնավիրուսով վարակված տատիկի դին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք:
Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:

Մի պահ թվաց աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրը անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։

Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:
Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:
Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել»,- գրել է Զոհրաբյանն ու հրապարակել սքրինշոթ:

Դեպքին արձագանքել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ու գրել․ «Պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

»,- գրել է Նիկողոսյանը:

(Visited 26 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика