Գազպրոմ Արմենիան կօպտիմալացվի, կկրճատվի շուրջ 1000 աշխատակից

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձել է գազի սակագնի բարձրացումից հետո սպասվող փոփոխություններին: Նոր սակագները հիմնականում ուժի մեջ կմտնեն 2020թ. հուլիսի 19-ից:

Նախ, ըստ այդ որոշման՝ բնակչության, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ (համապատասխանաբար 139 դրամ և 100 դրամ՝ մեկ խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)):
Սակայն սպառողների մեկ այլ հատվածի (առանձին տնտեսավարողների) համար բնական գազի սակագները կփոխվեն:

Մասնավորապես,

ա) գյուղատնտեսության ոլորտում գործող ջերմոցային տնտեսությունների համար (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը), ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրողների համար բնական գազի սակագինը կդառնա 224 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ թանկանալով շուրջ 5.7%-ով,

բ) այն տնտեսավարողների (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների) համար, որոնք յուրաքանչյուր ամսում սպառում են 10 հազար խմ-ը գերազանցող գազ, սակագինը կդառնա 255.91 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 242.1 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ ևս թանկանալով շուրջ 5.7%-ով:

Եվ ահա, պատգամավորը փաստում է, որ վերը նշված տնտեսավարողները, ինչպես նաեւ ջերմային էլեկտրակայանները, ցեմենտի գործարանները և այլ բազմաթիվ արտադրողներ կարող են հատկապես զգայուն և խոցելի լինել, եթե բնական գազի ծախսը ունի զգալի տեսակարար կշիռ ընդհանուր ծախսերի մեջ: Նման դեպքերում գազի սակագնի բարձրացման ազդեցությունը տվյալ արտադրողի մրցունակության վրա կարող է լինել էական:

«ՀԾԿՀ-ի որոշման արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմը ենթարկվելու է օպտիմիզացիայի, կրճատվելու է շուրջ 1000 աշխատակից, այդ թվում՝ հսկիչների մոտ կեսը եւ, ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենը, որոշակի առումով կտուժեն նաև ընկերության զարգացման տեմպերը՝ երևի թե ակնարկելով կապիտալ ծախսերի հնարավոր կրճատման մասին: Առհասարակ, եթե բնական գազի սակագինը բարձրանում է բնակչության համար, այն ունենում է ուղղակի սոցիալական հետեւանքներ, իսկ եթե այն բարձրանում է տնտեսավարողների համար, սոցիալական հետևանքները կարող են լինել ոչ ուղղակի, սակայն հաճախ շատ ավելի խորը՝ գործազրկության, առանձին ապրանքների գների հնարավոր բարձրացման, առանձին արտադրությունների մրցունակության անկման եւ կրճատումների տեսքով», – փաստում է պատգամավորը:

(Visited 5 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика